Հետազոտական աշխատանք

Կազմակերպության անդամները և գործընկերներն իրականացրել են մեծածավալ հետազոտական աշխատանք Էկոլոգիական իրավունքի տարբեր հարցերի, ինչպես նաև կոնկրետ հանքարդյունաբերական նախագծերի վերաբերյալ: Այդ հետազոտություններն առնչվում են բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից էկոլոգիական հարցերով դատարան դիմելու իրավունքին, Ամուլսարի հանքավայրի շահագոծման իրավական և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին, առանձին հանքավայրերի շահագործմանն առնչվող իրավական և այլ հիմնախնդիրներին, թափոնների կառավարման և վերամշակման հարցերին: Հետազոտությունների արդյունքում հրապարակվել են հոդվածներ և այլ նյութեր տարբեր հանքավայրերին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ, որոնք հնարավոր է գտնել այդ հանքավայրերին առնչվող առանձին բաժիններում:

Ներկայումս ֆունդամենտալ հետազոտական աշխատանք է տարվում հանրային առողջության վրա Հայաստանի հանքարդյունաբերության ազդեցության գնահատման և պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային չափանիշների ներդրման հարցերի շուրջ, որոնց ընթացքի և արդյուների մասին տեղեկատվությունը ներկայացվելու է Էկոիրավունքի վեբ-կայքի համապատասխան բաժիններում:

Գործընկերների հետ միասին հատկապես մեծ ծավալի հետազոտական աշխատանք է իրականացվել հանրային շահերի պաշտպանության հարցում հասարակական միավորումների դատական մատչելիության իրավունքն ամրագրելու և կենսագործելու համար: Հետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ Ազգային ժողովի՝ մարդու իրավունքներիգլխադասային հանձնաժողովին՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի մշակման և ընդունման շուրջ ծավալված հանրային քննարկումների ընթացքում, երբ ուսումնասիրվում էին այլ երկրներում ՀԿ-ների դատավարական իրավասուբյեկտության հարցերը՝ հանրային իրավունքների պաշտպանության հարցում:

Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծի շրջանակներում իրականացվել են տարբեր հարցերին առնչվող հետազոտական աշխատանքներ: Էկոիրավունքի անդամների կողմից ուսումնասիրվել են նախագծի իրավական թույլատրելիության հարցերը՝ հանքավայրի ազդեցության գոտում գտնվող տարբեր բաղադրիչների վերաբերյալ, որոնցից է սոցիալ-տնտեսական ազդեցությունը և հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած ընկերության՝ էկոբազմազանության փոխհատուցման քաղաքականությունը: Ամուլսարի հանքավայրի նախագծային փաստաթղթերում ներկայացվող կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատման օբյեկտիվությանն անդրադարձել է նաև Վայրի բնության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը (WWF-Armenia): Վայրի բնության հիմնադրամի կողմից տրված Մասնագիտական կարծիքը հստակ և բավականին մանրամասն ներկայացնում է նախագծում ներկայացված այն խնդիրները, որոնք անհամատեղելի են վայրի բնության պահպանման հետ: Այս փաստաթղթում գնահատված են նաև «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծմանն առնչվող խնդրահարույց դրույթները, որոնք Ամուլսարի նախագծում ներկայացված են իբրև կենսաբազմազանության փոխհատուցման քաղաքականություն: Վայրի բնության հիմնադրամի կողմից տրված Մասնագիկտական կարծիքը ներկայացվել է ՀՀ վարչական դատարանին՝ Ամուլսարի հանքավայրի շահագոծման դեմ հարուցված դատավարության շրջանակներում՝ որպես կենսաբազմազանության վրա ազդեցության հարցում պաշտոնական ՇՄԱԳ փորձաքննական եզրակացության օրինականությունը վիճարկող մասնագիտական կարծիք:

Լիճքի հանքի տարածքի բուսաբանական
ուսումնասիրության հաշվետվություն