Թեղուտ

2009 թվականի թվականի հունիսի 8-ին «Էկոդար», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունները Հայաստանի վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել՝ պահանջելով առոչինչ և անվավեր ճանաչել մի շարք փաստաթղթեր, որոնք ընկած էին Հայաստանի կառավարության կողմից Թեղուտի հանքավայրի շահագործման համար թույլտվություն տրամադրելու հիմքում: Այս դատավարական գործընթացի շրջանակներում առաջին անգամ իրավաբանորեն գնահատվել է ընդերքօգտոգարծման թույլտվության տրամադրման խիստ թերի և ձևական բնույթը:  Վիճարկվող առանցքային փաստաթղթերից է ընդերքօգտագործման թույլտվության հիմքում ընկած՝ ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությունը: Հանքարդունաբերական նախագծում ներկայացված նույն ելակետային տվյալների հիման վրա բարձրակարգ մասնագետների կողմից իրականացվել է այլընտրանքային փորձաքննություն, որով հիմնավորվել է պետական փորձաքննության ոչ պրոֆեսիոնալ լինելը: Հանրային փորձագետները հիմնավոր կերպով ապացուցել են, որ հանքավայրի շահագործման նախագծում խիստ նվազեցված են շրջակա միջավայրի բաղադրիչների ոչնչացման հետևանքով առաջացող տնտեսական վնասները՝ դրանով հանքարդյունաբերական ծրագիրը դարձնելով տնտեսապես շահավետ: Հանքարդյունաբերության տնտեսական օգուտների ու վնասների հարաբերակցությունը գնահատելն այն հիմնահարցն է, որն այսօր հանրության համար հանդիսանում է առանցքային հիմնախնդիր բնական պաշարների շահագործման հիմնավորվածությունը գնահատելիս:

Թեղուտի դատավարությունն ունեցել է արտառոց զարգացումներ: Վերջին հաշվով դատարանը գտել է, որ նշված հասարակական կազմակերպություններից ոչ մեկը այս գործով չի հանդիսանում պատշաճ հայցվոր: Հետևապես, դատարանը գործն ըստ էության չի քննել: Բնապահպանական հասարակական միավորումների (ինչպիսին այս գործով «Էկոդար» կազմակերպությունն էր) դատական մատչելիության իրավունքի խախտման վերաբերյալ երկու որոշում է ընդունվել միջազգային կազմակերպությունների կողմից (Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում): Այնուհանդերձ, մինչ օրս օրենսդրական մակարդակում և դատավարական պրակտիկայում այս իրավունքը չի ապահովվում:

Թեղուտի դատավարական գործընթացն իրավապաշտպանների, ինչպես նաև դատական նախադեպային պրակտիկան հետազոտողների համար ունի ուսանելի փաստարկման բազա, թե ինչպես է Հայաստանի վճռաբեկ դատարանը միևնույն հարցի վերաբերյալ արտահայտում տրամագծորեն իրարամերժ իրավական դիրքորոշումներ՝ ընթացքում նաև սխալ մեկնաբանելով հասարակական միավորումների դատական մատչելիության վերաբերյալ Հայաստանի սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը:

Ավելին, չունենալով անգամ իր որոշումները պարզաբանելու օրենսդրական իրավասություն՝ Հայաստանի սահմանադրական դատարանը, իր որոշումների կատարման վերաբերյալ տարեկան Հաղորդում  ներկայացնելու ընթացակարգով, գտել է իրավական մեխանիզմ իր իրավական դիրքորոշումը պարզաբանելու համար: Մասնավորապես, նշված տարեկան Հաղորդման մեջ սահմանադրական դատարանը հստակ և իրավաբանորեն շատ որոշակի կերպով մատնանշվել է, որ Հայաստանի վճռաբեկ դատարանը սխալ է մեկնաբանել իր իրավական դիրքորոշումը: Այսպիսով, Թեղուտի դատավարությունը ռազմավարական կարևորագույն նշանակություն ունի ինչպես հասարակական միավորումների դատավարական իրավասուբյեկտության իրավունքի ապահովման տեսանկյունից, այնպես էլ առհասարակ Հայաստաի դատական համակարգի իրավաստեղծ գործունեության հասունությունը գնահատելիս: