Ամուլսար

2015 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի վարչական դատարանը վարույթ է ընդունել «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Գնդեվազ գյուղի 12 բնակիչների հետ միասին ներկայացված հայցադիմումը Հայաստանի բնաահպանության նախարարության և Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության դեմ՝ Վայոց Ձորի մարզում գտնվող Ամուլսարի հանքավայրի շահագործմանը տրված թույլտվությունն անվավեր ճանաճելու պահանջելով:

Թիվ ՎԴ/104905/15 գործով դատական գործի հիմքում, որպես հիմնական վիճարկվող ակտ, հանդիսանում է ՀՀ բնապահպանությն նախարարության կողմից տրված՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը (ՇՄԱԳ փորձաքննական եզրակացություն): Գործի քննության ընթացքում դատարանը գտել է, որ նշված փաստաթուղթը չի հանդիսանում վարչական ակտ և չի կարող վիճարկվել որպես իրավունք առաջացնող փաստաթուղթ: Այսպիսով, նշված գործով ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հաստատված ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությունը դիտարկվել որպես ապացույց: Հայցվոր կողմի միջնորդությամբ գործի նյութերին կցվել են այլ մասնագետների կարծիքներ, որոնք վիճարկում են ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությունը: Փաստորեն, պետական լիազոր մարմնի և անկախ մասնագետների կողմից ներկայացվող փաստաթղթերը դատարանում ունեն հավասար ապացուցողական նշանակություն և իրավական արժեք:

Գործի քննության ընթացքում հանքավայրը շահագործող ընկերությունը էական փոփոխություններ է կատարել հանքարդյունաբերական նախագծում և փոփոխված նախագծի հիման վրա ստացել նոր թույլտվություն, ինչը բարդացնում և երկարացնում է դատավարական գործընթացը:

Ավելի քան երկու տարի ընթացող դատավարական գործընթացից հետո՝ 2017թ. օգոստոսի 30-ին, ՀՀ վարչական դատարանը որոշում ընդունեց, որ «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» հասարակական կազմակերպությունները այլևս պատշաճ հայցվորներ չեն և չունեն հանքավայրի շահագործմանը տրված թույլտվությունը դատական կարգով բողոքարկելու իրավունք: Դատարանն իր որոշուման հիմքում դրել է «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի սահմանափակումները՝ հասարակական միավորումների դատական մատչելիության վերաբերյալ: Գործի վարույթը շարունակվում է Գնդեվազ գյուղի բնակիչների մասով միայն: Բնապահպանական հասարակական միավորումների դատական մատչելիության իրավունքի խախտման հարցը քննարկվում է Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեում: