Հանրային առողջություն

Կա թյուր կարծիք, որ հանքարդյունաբերության համատեքստում բնապահպանների վեր հանած հիմնախնդիրներն ուղղված են բացառապես «քարի ու թփի» պաշտպանությանը, որը հմտորեն խեղաթյուրելով հակադրում են մարդկան բարեկեցությանը և աշխատատեղեր ունենալու գերակայությունը: Առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը հենց մարդու իրավունք է, որն ունի շատ կոնկրետ սոցիալ-տնտեսական շրջանակ: Ի թիվս տնտեսկան գործունեության համար հարուցած խոչընդոտների, ծանր մետաղներով աղտոտված շրջակա միջավայրը նախ և առաջ հանրային առողջության ապահովման համար ամենալուրջ հիմնախնդիրներից է: Դա միայն աղտոտված համայնքների խնդիրը չէ, քանի որ աղտոտված տարածքներում արտադրված արտադրանքը սննդային շղթայի միջով հասնում է յուրաքանչյուրիս:

Ի տարբերություն բժշկական օգնությանը և սպասարկմանն առնչվող հարցերի, այս դեպքում հանրային իշխանություններն ունեն օրենսդրական միջոցներով և վարչարարությամբ կանխարգելել կայուն աղտոտիչներով շրջակա միջավայրը աղտոտելուն միտված գործունեությունը, որի հիմնական հարցուցիչը Հայաստանում բարձիթողի և անպատասխանատու հանքարդյունաբերությունն է: Ակադեմիական հաստատությունների հետազոտություններով ապացուցվել է, որ հանքարդյունաբերական թափոնների վատ կառավարման հետևանքով Հայաստանի բազմաթիվ համայնքներում առկա են խորը առողջապահական խնդիրներ հատկապես մանկահասակ երեխաների մոտ: Ծանր մետաղները պատճառ են հանդիսանում օնկոլոգիական հիվանդությունների կտրուկ աճի: Գիտական հետազոտությունների համաձայն 1990 թվականի համեմատ 2014 թվականին չարորակ նորագոյացությունների թիվը Հայաստանում աճել է 1.8 անգամ: Բնակչության ընդհանուր մահացության կառուցվածքում չարորակ նորագոյացությունները զբաղեցնում են երկրորդ տեղը: Քաղցկեղի պատճառով մահացածության մակարդակով Հայաստանն առաջին տեղերում է աշխարհում: Թեև ոլորտի պատասխանատուները այս թվերը վիճարկում են և քաղցկեղի առաջացման պատճառները չեն կապում հանքարդյունաբերական աղտոտվածության հետ, սակայն նրանք չեն ներկայացնում հետազոտություններ, որոնց վրա հիմնվում են այդ հետևությունները: Պետք է ավելացնել նաև, որ ծանր մետաղներով աղտոտվածությունը պատճառ է ոչ միայն օնկոլոգիական, այլև մտավոր խնդիրների և այլ բազմաթիվ հիվանդությունների հատկապես մանկահասակ երեխաների շրջանում:

Չնայած օրենսդրական պահանջին, ՀՀ առողջապահության նախարարությունը պատշաճ կերպով ներգրավված չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննական գործընթացին՝ որպես հանրային առողջության հարցերով պատասխանատու պետական հաստատություն, ինչի մասին է վկայում այս գերատեսչությունից ստացված պաշտոնական գրություններից բխող անտեղյակության մակարդակը՝ շրջակա միջավայրին առնչվող հարցերում իրենց պարտավորությունների մասին:

Հայաստանի առողջապահության տարբեր նախարարների հետ տարիներ շարունակ ունեցած պոշտոնական գրագրությունից աներկբայորեն հետևում է, որ ոլորտի պատասխանատու մարմինները չեն տիրապետում կամ չեն ցանկանում տրամադրել տեղեկատվություն հանրային առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ: Նախարարությունում գտնում են, որ քաղաքացին ինքը պետք է ապացուցի, որ իր առողջությանը պատճառված վնասը հետևանք է հանքարդյունաբերական թափոններով շրջակա միջավայրի աղտոտման և միայն այդ դեպքում պահանջի փոխհատուցում, ինչը համայնքային բնակչության համար գործնականում անհնարին խնդիր է: Պաշտոնական հարցումներին ի պատասխան, ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ ստուգումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը 2013 թվականից անցնում է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի կիրառմանը, որը բարձրացնելու է տեսչական ռեսուրսների բաշխման արդյունավետությունը, դրանք կենտրոնացնելով առավել ռիսկային, այդ թվում հանքարդյունաբերական օբյեկտների վրա: Այս ամենով հանդերձ, պետական մակարդակով հանքարդյունաբերության հետևանքով մարդկանց առողջության վրա ազդեցության գնահատում այդպես էլ չի իրականացվում, այս նախարարությունը որևէ կերպ ներգրավված չէ ոչ նախապես՝ առողջական ռիսկերի գնահատման փուլում, և ոչ էլ հետագայում՝ առողջությանը պատճառված վնասի գնահատման հարցով:

Միևնույն ժամանակ, տարբեր ակադեմիական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների իրականացրած հետազոտությունները հիմնավոր կերպով ապացուցում են հայաստանում գրանցված տարբեր հիվանդությունների՝ այդ թվում քաղցկեղի չափազանց բարձր մակարդակի ուղղակի պատճառահետևանքային կապն անպատասխանատու եղանակով իրականացվող հանքարդյունաբերության հետ: Դրանցից են Հայաստանի ամերիկյան հաալսարանի Հանրային առողջության դպրոցի (School of Public Health) շրջանակներում իրականացված հետազոտությունները, որոնք ներկայացնում են պատճառահետևանքային կապերը հանրության առողջական խնդիրների և հանքարդյունաբերական համայնքների հողերը մկնդեղով և կապարով աղտոտված լինելու միջև (https://www.sciencedirect.com/science/article/pii/S0375674217303497):

Ներկայումս Էկոիրավունքի գործունեության առաջնահերթություններ ցանկում, պատասխանատու հանքարդյունաբերության մշակույթի ներդրման հետ միասին, առանցքային տեղ է զբաղեցնում հանրային առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության գնահատման հիմնահարցի լիարժեք ուսումնասիրությունը: Հետազոտությունների արդյունքներով ունենալ հիմնախնդրի վերաբերյալ բազմակողմանիորեն հիմնավորված գնահատական, որի արդյունքում կնախաձեռնենք իրավական գործընթացներ՝ անհատ քաղաքացիների և հանրության լայն շրջանակների իրավունքների պաշտպանության, նրանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման ուղղությամբ: