ՇՄԱԳ և պատասխանատու հանքարդյունաբերություն

Դեռևս 2006 թվականին Կանադայի Վանկուվեր քաղաքում գիտական, հասարակական, առևտրային և այլ ոլորտներ ներկայացնող խմբերի կողմից ձևավորվել է Պատասխանատու հանքարդյունաբերության ապահովման նախաձեռնություն (ՊՀԱՆ) (http://www.responsiblemining.net/), որի նպատակն է պատասխանատու հանքարդյունաբերության չափանիշերի ներունակ զարգացմումն ապահովող համակարգի հիմնումը։ Մտահղացման համաձայն, այն պետք է երաշխավորի շրջակա միջավայրի և հանրության համար պատասխանատու հանքարդյունաբերության կիրառումը։ Այն պետք է լինի անհատապես ստուգելի, ապահովի շահույթի արդար և հավասար բաշխումը համայնքներին, արձագանքի շրջակա միջավայրին, հանրության առողջությանը, անվտանգությանն ու մշակույթին սպառնացող բացասական ազդեցություններին։ Արդեն 2018 թվականի սկզբին նշված նախաձեռնությունը գործի է դնելու պատասխանատու հանքարդյունաբերության Ստանդարտը, որի երկորդ վերամշակումն անցած նախագիծը տեղադրված է նախաձեռնության կայքում և բաց է առաջարկույթյունների համար: Ստանդարտով առաջարկվում են հանքարդյունաբերության պատասխանատվության գնահատման պրակտիկ չափորոշիչներ՝ բնական պաշարներից ստացվող եկամուտների և ծախսերի թափանցիկության, ջրերի, մթնոլորտային օդի որակի և կենսաբազմազանության պահպանման, հանրային առողջության, մշակութային ժառանգության, ինչպես նաև ՇՄԱԳ գործընթացի շրջանագներում բոլոր բաղադրիչների որակյալ գնահատման համար:

Էկոիրավունքը հետևում է նոր Ստանդարտի շուրջ ընթացող զարգացումներին և դրա հիման վրա մշակելու է Հայաստանի համար անհրաժեշտ և կիրառելի մոտեցումներ: Այդ մոտեցումները ներկայացվելու ենք հանրային իշխանություններին՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության և Հայաստանի ընդերքօգտագործման հայեցակարգի մշակման գործընթացների շրջանակներում:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) բնության վրա զգալի բացասական ազդեցություն ենթադրող տնտեսական գործունեության թույլատրելիությունը գնահատելու մեխանիզմ է: Հանքարդյունաբերական թափոնների հետևանքով արդյունաբերության այս ճյուղը առավել մեծ ռիսկեր է պարունակում հանրային առողջության և երկրի տնտեսության դիվերսիֆիկացման համար, ինչով էլ պայմանավորված է դրա նկատմամբ հանրային վերահսկողության անհրաժեշտությունը: ՇՄԱԳ-ը մասնագիտական/փորձագիտական գործունեություն է, որի գործիքակազմի միջոցով մասնավոր տնտեսվարողները և իրավասու պետական մարմինները պետք է բազմակողմանիորեն գնահատեն նախատեսվոր գործունեության բոլոր տեսակի հնարավոր ազդեցությունները բնության բաղադրիչների՝ մթնոլորտային օդի, ջրերի, հողերի, կենսաբազմազանության վրա, ինչպես նաև գնահատեն այդ գործունեության հետևանքով բնակչության առողջության, հարակից տարածքում իրականացվող այլ բիզնես գործունեության, մշակութային ժառանգության վրա ազդեցությունները:

Գործնականում հենց այս մեխանիզմով պետք է գնահատվի նաև կոնկրետ հանքարդյունաբերական նախագծի համախառն օգուտների և վնասների հարաբերակցության հարցը: Այս գործընթցը Հայաստանում իրականացվում է մասնագիտական և մեթոդաբանական այպիսի թերություններով, որը հիմք է տալիս կառավարությունից պահանջելու առնվազն մորատորիում կիրառել նոր հանքարդյունաբերական ծրագրերի հաստատման գործընթացի նկատմամբ, քանի դեռ համակարգային թերությունները չեն կանոնակարգվել: Նոր հանքավայրերի անթույլատրելիությունը հիմնավորվում է նաև նրանով, որ  Հայաստանը դեռևս չունի երկրի ընդերքօգտագործման ռազմավարություն: Այն հիմնարար փաստաթուղթ է, որը պետք է ենթարկվի Ռազմավարական էկոլոգիական գնահատման՝ էկոլոգիայի առարկայի բովանդակությունից բխող սոցիալտնտեսական և մշակութային բոլոր բաղադրիչների հաշվառմամբ:

ՇՄԱԳ իրականացման ենթակա գործունեության տեսակները, ՇՄԱԳ-ի չափորոշիչներն ու ընթացակարգը կանոնակարգված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով: Էկոիրավունքը 2013 թվականից սկսած մանակցել է այս օրենքի նախագծի մշակման աշխատանքներին, սակայն օրենքի մշակման համար պատասխանատու՝ պաշտոնյաները օրենքի վերջնական տեքստը Ազգային ժողովին են ներկայացվել խիստ աղավաղված վիճակում: Օրենքի դրույթները շտկելու համար Էկոիրավունքը իր գործընկեր կազմակերպությունների հետ միասին դիմել է պատգամավորական խմբակցություններին և միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել աղավաղված դրույթները շտկելու համար, որի արդյունքում դրանք մասնակիորեն շտկվել են:

ՇՄԱԳ գործընթացին պետք է ներգրավվեն ազդեցություն կրող հարակից համայնքների բնակչության, գիտական հանրության, քաղաքացիական հասարակության հնարավորինս լայն շրջանակներ՝ ռիսկերը համակողմանիորեն գնահատելու և լիազոր մարմինների ոչ խելամիտ որոշումները կանխարգելելու համար: Հենց այս փաստաթուղթն է ներկայումս ընկած հանքարդյունաբերական նախագծերի թույլտվությունների հիմքում, քանի որ ՇՄԱԳ-ը միակ ընթացակարգն է, որի ընթացքում գնահատվում են նախագծերի հնարավոր անհամաչափ ազդեցությունները բնության վրա: Մասնավոր շահը հանրային բարիքի  նկատմամբ գերակայող՝ վնասակար տնտեսական նախագծերի դեպքում ՇՄԱԳ փորձաքննական եզրակացության օրինականությունը և հիմնավորվածությունն է ենթակա իրավական ընթացակարգերով վիճարկման: