Էկոլոգիա

Էկոիրավունքի գործունեության առանցքային բաղադրիչն էկոլոգիական հիմնահարցերն են՝ իրենց սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական և մշակութային ամբողջության մեջ: Կազմակերպության գործունեությունը չի սահմանափակվում զուտ իրավական հարթության շրջանակներում, այլև ուղղված է կանաչ տնտեսության, վերականգնվող էներգետիկայի հարատև զարգացմանը խթանելուն:

Էկոլոգիայի սոցիալ-տնտեսական, գիտական և մշակութային ընկալումն է պատճառը, որ մեր նպատակներն ու գործունեությունը նկարագրելիս օգտագործում ենք «էկոլոգիա», և ոչ թե ավելի նեղ՝ «բնապահպանություն» կամ «շրջակա միջավայրի պահպանություն» եզրույթները: Բնության բարիքների, բնական պաշարների օգտագործումը պետք է նպաստի հարատև զարգացմանը, հիմնված լինի հանրային բարիքի գերակայության և ոչ թե մասնավոր շահի սպասարկման սկզբունքի վրա: Էկոլոգիայի ուսմունքը նպաստում է բոլոր տեսանկյուններից համարժեք գնահատելու այլ օգուտներն ու վնասները, որոնք կարող են առաջանալ բնության բարիքները մարդու բարեկեցության համար օգտագործելիս:

Կազմակերպության գործունեության գերնպատակն է, մեր գործընկերների և համախոհների հետ միասին, Հայաստանում սաղմնավորել էկոլոգիայի ուսմունքի բոլոր բաղադրիչների ներդաշնակ փոխազդեցությունն ապահովող բարձր էկոլոգիական մշակույթ՝ հիմնված հանրային իրավունքների գիտակցման և պաշտպանության, կանաչ տնտեսության զարգացման տեսլականի վրա: