Իրավունք

Մենք գտնում ենք, որ Հայաստանի էկոլոգիական հիմնախնդիրները հիմնավորված կերպով հասցեագրելու, այլ շահագրգիռ կողմերի հետ հարաբերություններում ծանրակշիռ դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է էկոլոգիական հիմնահարցերը նախ և առաջ գնահատել իրավունքի համատեքստում:

Իրավական մակարդակում կազմակերպության և նրա անդամների գործունեության գերակշռող մասը ուղղված է Հայաստանի օրենսդրությամբ և դատական պրակտիկայում հասարակական կազմակերպությունների՝ դատարան դիմելու իրավունքն ամրագրելուն և դրա հիման վրա էկոլոգիական հիմնախնդիրները դատական կարգով հասցեագրելուն (actio popularis): Այս ուղղությամբ Էկոիրավունքի ներկայացուցիչներն իրականացրել են ծավալուն և բազմակողմանի իրավական և հետազոտական աշխատանք ներպետական դատական ատյաններում, այդ թվում Հայաստանի սահմանադրական դատարանում (տե՛ս՝ Դիմում սահմանադրական դատարանի նախագահին և Բաց նամակ սահմանադրական դատարանին): Սահմանադրական դատարանի նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված հանրային քննարկման արդյունքում դատարանը գնաց աննախադեպ քայլի՝ իր որոշումների կատարման վերաբերյալ տարեկան Հաղորդման մեջ ուղղակիորեն նշելով, որ հասարակականն միավորումների դատական մատչելիության հարցում Հայաստանի վճռաբեկ դատարանը յուրովի է մեկնաբանել սահմանադրական դատարանի դիրքորոշումը, երբ Թեղուտի գործով հայցվոր հասարակական կազմակերպություններին զրկել է դատարան դիմելու իրավունքից: Ներպետական դատական ատյանները սպառելուց հետո էկոլոգիական իրավունքների խախտումները քննվել են միջազգային հարթակներում: Այսպիսով, դատական մատչելիության իրավունքը խիստ թերի կերպով ամրագրվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքում, և չի ապահովվում վարչական դատավարությունում:

Թեղուտի, Թուխմանուկի, Ամուլսարի, Քաջարանի և բազմաթիվ այլ հանքավայրերի անպատասխանատու շահագործման ընթացքում առաջացող հիմնախնդիրների առնչությամբ կազմակերպության անդամները օգտվել են տարբեր իրավական մեխանիզմներից, ինչպիսիք են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությունը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում գործող Հատուկ Զեկուցողների ինստիտուտը և այլ իրավական մեխանիզմներ:

Իրականացված գործունեության ընթացքն ու արդյունքները ներկայացված են վեբ կայքի համապատասխան բաժիններում, որտեղ ամփոփված են մեծածավալ արխիվային փաստաթղթեր, վարչական մարմինների հետ ունեցած պաշտոնական գրագրություն և այլ նյութեր, որոնք մեծածավալ և հիմնավոր տեղեկատվություն են տրամադրում Հայաստանի էկոլոգիական հիմնախնդիրների՝ առավելապես հանքարդյունաբերության վերաբերյալ: Հանքարդյունաբերության ոլորտի իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի ուսումասիրությունն ամփոփված է հետազոտական աշխատանքներում, որոնք ևս տեղադրված են վեբ կայքի համապատասխան բաժնում: