Մեր մասին

«Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականին: Կազմակերպության գործունեությունն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք ամրագրված են կազմակերպության Կանոնադրությամբ: Մեր գործունեությունը հիմնված է էկոլոգիայի համատեքստում առկա տնտեսական, իրավական, բնապահպանական, առողջապահական, մշակութային և այլ հարցերի վերաբերյալ կազմակերպության ունեցած մոտեցումների վրա:

Կազմակերպությունն ունի Գնումների քաղաքականություն, որը հիմք է ընդունվում իր գործունեության կազմակերպման ընթացքում անհրաժեշտ գնումներ կատարելիս: Գնումների քաղաքականությունը մշակվել է՝ հիմք ընդունելով հասարակական կազմակերպությունների համար ընդունված գնումների միջազգային չափանիշները:

Կազմակերպության պրակտիկ գործունեության մեջ առանցքային է էկոլոգիական հիմնահարցերը իրավունքի շրջանակներում ներկայացնելը: Այս դիտանկյունը պրակտիկորեն կենսագործելուն ուղված քայլերից է Հայաստանի կառավարության կողմից ընդերքօգտագործող ընկերություններին անօրինական կերպով տրված թույլտվությունների վիճարկումը դատարանում և միջազգային կառույցներում:

Մեր գործնական առանցքային ուղղություններից է սպառողական՝ հանքահումքային տնտեսությունը կանաչ տնտեսությամբ փոխարինելուն միտված գործնական քայլեր ձեռնարկելը: Այդօրինակ քայլերից են հեռավոր գյուղական համայնքներում օրգանական գյուղատնտեսության, տուրիզմի տարբեր տեսակների, արևային էներգետիկայի օգտագործման խթանումը:

Ներկայումս Էկոիրավունքի հիմնական գործունեությունը կենտրոնացած է համայնքային զարգացման առաջնահերթությունների վրա՝ նպատակ ունենալով գյուղական համայնքներում ապահովել տեղական ինքնակառավարման իմաստավորված և գործնական կենսագործումը՝ մասնակցային ժողովրդավարության սկզբունքների գործիքների կիրառմամբ: Որոշումնեի ընդունման գործընթացում հանրության մասնակցությունն ապահովելն ընկած է նաև Օրհուսի կոնվենցիայի հիմքում, որի միջոցով հանրությանը տրվում է առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու և հանրային շահերը պաշտպանելու ամուր գործիքներ:

Մեր գործունեության արդյունքում ձևավորված փորձն ու առկա փաստերի վերլուծությունը հիմնավոր կերպով ապացուցում են, որ ներկայումս Հայաստանի արմատական էկոլոգիական հիմնախնդիրներն առաջանում են հանքարդյունաբերական ոլորտի անպատասխանատու և չհավասարակշռված շահագործման հետևանքով: Էկոիրավունքի ներկայացուցիչներն իրականացրել են բնական պաշարների շահագործմանն առնչվող օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի վերլուծություններ՝ ընդգծելով հանրային առողջության վրա ազդեցության գնահատման հիմնախնդիրը, հանքարդյոնաբերության ազդեցությունից տուժող այլ բիզնես գործունեությանը պատճառվող վնասի համարժեք գնահատման մեխանիզմի բացակայությունը, ինչպես նաև բնապահպանական վերահսկողության համակարգի բացակայությունը և դրա հետ փոխկապակցված համակարգային կոռուպցիոն ռիսկերը «Հանքարդյունաբերական ոլորտը Հայաստանում. քաղաքականություն, կարգավորող ինստիտուտներ և օրենսդրություն»: Էկոիրավունքի ներկայացուցիչները՝ փորձագիտական մակարդակով ներգրավվել են «Թրանսփարենսի Ինթերնեշընլ» կազմակերպության կողմից իրականացվող՝ հանքարդյունաբերության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման ծրագրին՝ գնահատելով Հայաստանում մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվություններ տրամադրելու ընթացքում առաջացող կոռուպցիոն ռիսկերը: Հետազոտության արդյունքում վեր են հանվել ոլորտում տնտեսական օգուտների և վնասների հարաբերակցությունը գնահատելու համար օրենսդրական կարգավորումների և մեթոդաբանական ձեռնարկների բացակայության, պատասխանատու պետական մարմինների մասնագիտական որակավորման և տեխնիկական հագեցվածության և այլ հիմնախնդիրներ:

Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության ու պատասխանատվության նկատմամբ հանրային վերահսկողությունը բարձրացելու, ոլորտին առնչվող էկոլոգիական առաջնահերթություններն այս նախաձեռնության շրջանակներում առաջ մղելու նպատակով Ներկայումս Էկոիրավունքը ներգրավված է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) Հայաստանի անդամակցության գործընթացին: 2015 թվականից սկսած կազմակերպության ներկայացուցիչն ընտրվել է որպես ԱՃԹՆ շրջանակներում գործող՝ Բազմաշահառու խմբի անդամ, իսկ կազմակերպության այլ անդամներ ներգրավված են ԱՃԹՆ շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբերում: Էկոիրավունքը Հայաստանում առաջին կազմակերպությունն է, որն անդամակցում է «Հրապարակիր ինչ վճարում ես» միջազգային կոալիցիային՝ կազմված շուրջ 50 երկրների ավելի քան 800 կազմակերպություններից: ԱՃԹՆ շրջանակներում այս կոալիցիայի նպատակներն ամրագրված են «Տեսլական 20/20 հայեցակարգում» և ընդգրկում են արդյունահանող ճյուղերից ստացվող եկամուտների ծախսման թափանցիկության և արդյունավետության հարցեր:

Մենք համագործակցում ենք միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունների և միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ներհայաստանյան հիմնախնդիրները միջազգային հարթակներում բարձրացնելը՝ այդ խնդիրների առավել արդյունավետ և հիմնավոր լուծումներ գտնելու նպատակով: ԱՃԹՆ շրջանակներում կազմակերպության ներկայացուցիչները հետևում են նաև ընդերքօգտագործման հայեցակարգի մշակման գործընթացին: