Եթե հանքարդյունաբերություն, ապա նորմերի պահպանմամբ. Մարտիրոս Նալբանդյան

«Էկոիրավունքը» զրուցել է «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հայաստան) ծրագրի ղեկավարի տեղակալ կամ ազգային հարցերով պատասխանատու, էկոլոգ-քիմիկոս Մարտիրոս Նալբանդյանի հետ։

Պարո՛ն Նալբանդյան, Դուք ՊՏԱԾ-Հայաստան ծրագրի ազգային հարցերով պատասխանատուն եք։ Խնդրում եմ՝ պատմեք ծրագրի մասին. ի՞նչ նպատակներ ունի այն, նշեք ֆինասավորման աղբյուրը և որտեղ է իրագործվում ծրագիրը։ 

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հայաստան) ծրագիրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից մեկնարկած «Կովկասյան նախաձեռնության» մաս է կազմում:  Ծրագիրն իրականացվում է 5 տարի ժամկետով` համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև կնքված միջկառավարական համաձայնագրի` KFW բանկի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված հատուկ համաձայնագրի միջոցով: Գերմանական կողմի ներդրումը կազմում է 8.25 մլն. եվրո: Ծրագրի գործադիր մարմինն է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող Սյունիքի մարզի 7 պահպանվող տարածքները, որոնց ամբողջական տարածքը 80 հազ. հա է, ՊՏԱԾ-Հայաստանի թիրախային պահպանվող տարածքներն են: Հիմնվելով իրենց վարչական սահմանների և թիրախային պահպանվող տարածքների հետ փոխազդեցության վրաˋ 32 համայնքներ նույնականացվում են որպես «Պահպանվող տարածքների աջակցման գոտու համայնքներ»:

Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի հարավային մասում գտնվող Սյունիքի մարզի պահպանվող տարածքների բնական պաշարների պահպանությունն ու այդ տարածքների կառավարումը, կենսաբազմազանության պահպանության վրա ուղղակի ազդեցություն ունեցող պետական կառույցների կարողությունների հզորացումը և աջակցել սույն տարածքներին` միաժամանակ բարելավելով հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը:

Ծրագիրն ունի հետևյալ երկու նպատակ. առաջին՝ Սյունիքի մարզի թիրախային յոթ պահպանվող տարածքների բնական պաշարների պահպանության և այդ տարածքների կառավարման բարելավում`առանց տեղական բնակչության ապրուստի վրա բացասական ազդեցության։ 2-րդ՝ հարակից տեղական գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում` առանց կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության` նպատակ ունենալով նաև նվազեցնել ճնշումը բնական պաշարների վրա:

Ծրագրի պաշտոնական մեկնարկը եղել է 2015 թվականին։ Փաստացի գործողությունների մեկնարկը եղել է 2017 թվականին։ Ավարտը նախատեսված է 2020 թվականին։

Ծրագրի թիրախային տարածքը Հայաստանի հարավն է, ավելին՝ Սյունքի հարավը՝ Մեղրիի և Կապանի տարածաշրջանները։ Մասամբ նաև Գորիսի և Սիսիանի տարածաշրջանները։

Ինչո՞ւ է ընտրվել հենց Սյունիքի մարզը։

Կարծում եմ՝ մի քանի գործոն են հաշվի առել։ Մի կողմից այնտեղ մեծ է կենսաբազմազանությունը. այդ փոքր տարածքի վրա կան շատ անտառածածկ գոտիներ և հատուկ պահպանվող տարածքներ։ Մյուս կողմից՝ հաշվի է առնվել այդ տարածաշրջանում ապրող մարդկանց  սոցիալ-տնտեսական վիճակը։ Նպատակն է՝ խթանել և ակտիվացնել կյանքն այդ տարածաշրջաններում։

Ծրագրի շրջանակներում կատարվում է նաև «Արևիք» ազգային պարկի և «Բողաքար» արգելոցի սահմանագծման աշխատանքները։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ մինչև հիմա քարտեզագրում չի արվել։ Եթե հնարավոր է, նշեք, թե ինչքան գումար է հարկավոր քարտեզագրում կատարելու համար։

«Արևիք» ազգային պարկը երևի թե միակն էր, որ իր քարտեզագրման կամ սահմանների իրավիճակով տարբերվում էր մյուսներից։ Այն ուներ առաջարկվող սահմաններ և չուներ մանրամասն քարտեզագրում։ Հավանաբար այդ աշխատանքները չեն իրականացել ֆինանսների բացակայությամբ կամ իրավիճակով պայմանավորված։

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ցավոք չեմ կարող նշել, քանի որ դա մասնավոր ընկերության հետ պայմանագրով իրականացվող գործողություն է։ Ես կգերադասեմ դրա տեղակատվության տրամադրման վերաբերյալ իրավասությունը վերապահել լիազոր մարմնին՝ Բնապահպանության նախարարությանը։

Արդյոք քարտեզագրման ժամանակ հանքերի հետ կապված խոչընդոտների հանդիպե՞լ եք։

Մեր աշխատանքների շրջանակներում չի եղել այնպիսի իրավիճակ, որ մենք փորձենք և որևէ խոչընդոտի հանդիպենք։ Այնպես չի եղել, որ մենք ցանկանայինք քարտեզարգրում կատարել ավելի վաղ, օրինակ, 2016 թվականին, 2017 թվականին և չստացվեր։ Երբ մենք պատրաստ ենք եղել, մեր գործողությունները համաձայնեցրել ենք դոնորի հետ, գործողության ծրագիրը  հաստատվել է, և մենք մեկնարկել ենք մեր աշխատանքները 2018 թվականի մարտին։

Քարտեզագրման մինչև հիմա տարված աշխատանքները եթե ի մի բերենք, արդյոք կարո՞ղ եք ասել պահպանվող տարածքներում կամ դրանց բուֆերային գոտիներում կան գործող հանքեր։

Պարտադիր չէ, որ քարտեզագրման աշխատանքների արդյունքներով դատողություններ արվի։ Կարող ենք նայել և ակնհայտ տեսել, որ կան հանքեր, ուսումնասիրության թույլտվություններ, լիցենզիաներ։ Բայց  դրանք կընկնեն պահպանվող տարածքի պահպանման գոտում կամ ինչ հեռավորության վրա կգտնվեն պահպանման տարածքից, այս պահին կդժվարանամ ասել։

Ինչքանո՞վ են ազդում գործող հանքերն այդ տարածքների բուսական և կենդանական աշխարհի վրա։

Չի կարող լինել հանքաարդյունաբերություն և չլինել բացասական հետևանքներ, այն էլ այն դեպքում, երբ այդ տարածքներում ունենք կենսաբազմազանության ներկայացվածության շատ բարձր ցուցանիշ և եզակի էկոհամակարգ։

Դուք նշեցիք, որ ծրագիրն ունի 2-րդ բաղադրիչ ևս՝ հարակից տեղական գյուղական համայնքների սոցիալտնտեսական վիճակի բարելավում։ Ի՞նչ է դա իրենից ներկայացնում։

Ինչպես նշեցի, ծրագրի բաղադրիչներից մեկն է հարակից տեղական գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը։ Ծրագրի

շրջանակներում մարդիկ դիմում են, ներկայացնում իրենց գաղափարները, ծրագրերը, մենք փոքր դրամական աջակցություն ենք ցուցաբերում։

Օրինակ, Սյունքի մարզի 12 համայնքներում այս պահին ընթացող 49 ծրագիր կա անհատների հետ։ Մեր ծրագրի շրջանակներում հիմնվել են չրանոցներ, խթանել ենք թռչնաբուծության, շինշիլաբուծության, այգեգործության, փայտամշակման զարգամցմանը և այլն։ Ինչպես նաև B&B-ների հիմնում։ Կամ օրինակ՝ մարդկանց օգնում ենք գնել այծեր և զբաղվել այծաբուծությամբ։ Կամ սև սալորի այգիներ տնկել։

Օրինակ՝ Լիճք գյուղի բնակիչ Արմինե Քալաշյանն  ունեցել է գաղափար, ներկայացրել է և շահել է ծրագիր։ 800 եվրո է ստացել և մի քանի կարի մենքենա է գնել։

Նշեմ նաև, որ «Արևիք» ազգային պարկի հետ կապված նպատակ ունենք Ագարակում այցելուների համար կենտրոն հիմնել։ Իսկ այս տարի Լիճք գյուղի մոտ հիմնվել է նաև վրանային ճամբար։ Ճամբար հասնելու համար անցնում ես հանքի ճանապարհով։

Սա նաև կարող է մեսիջ լինել, որ որոշում կայացնողը տեսնի, ինչպես կարելի է օգտագործել տարածքը։ Եթե հանքաարդյունաբերություն, ապա թող բարի լինեն պահպանել նորմերը։

Մարզ որտեղ կան մեծ թվով պահպանվող տարածքներ, դրան զուգահեռ գործում են մեծ թվով հանքեր։ Ձեր ծրագրի շրջանակներումմարդկանց օգնում եք ինչ- որ գործ հիմնել։ Օրինակ՝ հանքի կողքին զբաղվել այծաբուծությամբ կամ այգի տնկելով։ Արդյոք անիմաստ գումարների վատնում չէ՞։ Կամ անհեռանկար ծրագիր։ Արդյոք ծրագիրը չի՞ տուժում դրանից։

Մենք չենք իրականացնում ծրագիրը տնտեսության որևէ ոլորտ կամ ճյուղ փակելու հաշվին։ Մենք չենք կարող իմպերատիվ կերպով ասել՝ դուք պետք է դադարեցնենք հանքարդյունաբերական գործությունեությունը։ Ես չեմ կարծում՝ դա ճիշտ է։ Ուղղակի կարծում եմ, որ ամեն մեկն իր մասով՝ կլինի քաղաքացի, թե հասարակական կազմակերպություն, պետք է պնդի, պահանջի, որ ամեն ինչ իրականացվի իրավական շրջանակներում։ Նաև նշեմ, որ կարող են լինեն իրավական կարգավորումներ, որոնք բավարար չլինեն։ Օրինակ՝ նույն հանքարդյունաբերական ոլորտում իրավական կարգավորումները, դրված հարկերը, ռոյալթիների հաշվարկման մեթոդները, թափոնների արտանետումների պահանջները` սրանք խիստ վերանայման կարիք ունեն։

Մեր ծրագրով իրականացվող գործողությունները և ենթածրագրերը  բացարձակապես միտված չեն փոխհատուցելու հանքաարդյունաբերության բերած վնասները։ Սա անկախ իրականացվող ծրագիր է։ Այսինքն, օրինակ, Լիճքի հանքը բացված լիներ, շահագործվեր, թե  անգամ բացված չլիներ, այն ինչ նշեցի, այդ տարածքում իրականացվելու էին։

Ծրագրի շրջանակներում գործում է նաև տարածաշրջանային խորհրդատվական խորհուրդ։ Ո՞րն է դրա նպատակը։

Ունենք 2 տարածաշրջանային խորհրդատվական խորհուրդ։ Մեկը գտնվում է Կապանի տարածաշրջանում, մյուսը՝ Մեղրիում։ Տարածաշրջանային խորհրդատվական խորհուրդն իր բնույթով ծրագրի շրջանակներում ստեղծված խորհրդատվական մարմին է։ Այն գործում է հասարակական հիմքներով։

Այստեղ փորձել են մի քիչ տարբերվել դասական խորհրդատվական մարմիններից։ Ոչ թե դրանց կազմում ունենալ նախարար, փոխնախարար կամ փոխմարզպետ, այլ, այսպես ասած, ավելի ստորին մակարդակի ներկայացուցչական խորհուրդ է։ Ներկայացուցիչներ կան պետական ոլորտից, համայնքներից, հասարակական կազմակերպություններից, մասնավոր սեկտորից, պահպանվող տարածքներից, «Հայանտառից», այսինքն՝ փորձել ենք տվյալ տարածաշրջանի բոլոր ոլորտներից ունենալ ներկայացուցչական մարմին, որ ավելի անմիջականորեն զգանք խնդիրները։ Կապանի խորհրդատվական խորհուրդը կազմված է 20-22 անդամից եթե չեմ սխալվում, Մեղրիինը՝ մի փոքր ավելի քիչ անդամներ ունի։

Խորհրդի հանդիպումները կատարվում են եռամսյակը մեկ։ Քննարկում ենք աշխատանքային պլանները, իրականացված ծրագրի արդյունքները։ Երբեմն լինում են դժգոհություններ, լինում են նաև առաջարկներ, որոնք մենք նկատի ենք առնում։

Անկեղծ եթե նշեմ, դեռևս բավարար չեն գիտակցում խորհրդում իրենց ֆունկցիաները։ Բայց ծրագրի շրջանակներում մենք իրենց լուրջ իրավասություն ենք տվել։ Այսինքն՝ իրենք անգամ կարող են նստել, մտածել, ինչ-որ ծրագիր որոշել և մեզ առաջարկել։ Քայլ առ քայլ կա առաջընթաց։