Լիճքի հանքը շահագործող ընկերությունը տեսչական ստուգումներից առաջ «քայլեր է ձեռնարկում»

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներին ընդառաջ Սյունիքի մարզի Լիճքի հանքը շահագործող «Թաթսթոուն» ՍՊԸ-ն ծառատունկ է սկսել հանքավայրի և դրան հարակից տարածքներում։

Օրեր առաջ Լիճքի համայնքի ակումբի շենքի վրա հայտնվել է հետևյալ գրությամբ հայտարարություն. «Հայտնում ենք Լիճքի գյուղի բնակիչներին Զվար հանքավայրի տարածքում իրականացվում է ծառատունկ, 1 ծառի տնկման արժեքը 500 դրամ։ Սեղմ ժամկետում ցանկացողները կարող են դիմել գյուղապետարան»: Հայտարարության մեջ որպես ժամկետ նշված է սեպտեմբերի 24-ից 26-ը։ Հարցերի դեպքում հրահանգվում է դիմել գյուղապետարան։

Նշված չէ, սակայն, թե ով է իրականացնում ծառատունկը, համայնքի բնակիչները նույնպես տեղյակ չեն դրա մասին։

«Էկոիրավունք»-ի հետ զրույցում Մեղրի համայնքի համայնքապետ Մխիթար Զաքարյանը նշել է, որ ծառատունկն իրականացնում է «Թաթսթոուն» ընկերությունը։

««Թաթսթոուն»-ն ունի բնապահպանական պարտավորություն և դրա մեջ մտնում է ռեկուլտիվացան և ծառատունկը։ Ծրագիրը համապատասխանեցրել են համայնքապետարանի հետ», – նշել է Զաքարյանը։

Նա ասել է, որ հստակ չի կարող ասել, թե արդյոք այս ծառատունկը կապված է տեսչական ստուգումների հետ, թե ոչ։ Զաքարյանի խոսքով, ամեն դեպքում, դեռ համայնքի բնակիչներից ոչ մեկը չի արձագանքել հայտարարությանը։ Մեկ ծառի տնկման արժեքը 500 դրամ է, որ փոքր գումար է՝ ըստ Զաքարյանի։ Դրա դիմաց մի քանի անգամ ավել գումար պետք է տան մարդկանց. «Ուզում են էժան աշխատուժ էլի գտնել… Ինձ առաջարկեցին, որ դպրոցականներին ներգրավվեմ, ես ասացի, որ մենք չենք ուզում խառնվել»։

Լիճքեցի երիտասարդ Գագիկ Սարգսյանը նշել է, որ հանքը շահագործող ընկերությունը հանքի շահագործման երկու տարիների ընթացքում ծառատունկ չի իրականացրել: 36 ծառեր տնկվել են մեղրեցիների կողմից հանքի գործունեությունը դադարեցնելու պահանջի և այդ նպատակով ստորագրահավաք իրականացնելու ժամանակ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումները նախատեսված են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ստուգումներից անմիջապես հետո: «Էկոիրավունք»-ի հետ զրույցում տեսչական մարմնից հայտնել են, որ հստակ չեն կարող ասել, թե երբ կսկսվեն Լիճքի հանքում ստուգումները, ամեն դեպքում, դրանք կլինեն այս տարվա ընթացքում՝ հավանաբար նոյեմբերի վերջից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Հիշեցնենք, որ այս  թվականի մայիս ամսից հանքավայրի գործունեությունը առանց պաշտոնական հայտարարության դադարեցված է:

«ՔՈՆՍԵԿՈԱՐԴ» ՍՊԸ-ն, որի տնօրենն է Վռամ Թևոսյանը, տարիներ առաջ մշակել էր «Թաթսթոունի» ՇՄԱԳ-ը։ Այժմ նրանք մշակում են անտառվերականգման աշխատանքների հիմնադրույթները, իսկ անտառվերականգման աշխատանքներն անելու է Կապանի «Խուստուփ» կազմակերպությունը։

Հարցին, թե արդյոք Թևոսյանը տեղյակ է, թե տեսչական ստուգումների հետ է կապված ծառատունկը թե ոչ, նա նշել է, որ չի կարող ասել, բայց կարող է ենթադրել, որ այդպես է. «Չեմ բացառում, որ իրանք խառնվել են ստուգումներից և անում են։ Բայց դրա մեջ վատ բան տեսնու՞մ եք դուք»։

Լրագրողի դիտարկմանը, թե ստացվում է, որ եթե ստուգումներ չանեին, ընկերությունը կարող էր առհասարակ խուսափել ծառատունկից, Թևոսյանը պատասխանել է. «Ավելի լավ չի՞, որ անեն։ Թող ստուգում լինի, թող բոլորը վախենան։ Ես անչափ ուրախ եմ, որ անում են ստուգումներ։ Թող իրանք էլ վախից ծառատնկում անեն»։

«Թաթսթոուն»-ից, սակայն, հերքում են, որ ծառատունկը կապված է տեսչական ստուգումների հետ։

«Մենք պարտավորություն ունենք անելու ծառատունկ, մենք պարտավոր ենք հատած ծառերի փոխարեն ուրիշ ծառեր տնկել։ Իսկ ծառատունկը կոնկրետ ժամկետ չունի։ Դա ստուգումների հետ կապ չունի ընդհանրապես», – մեզ հետ զրույցում ասել է ընկերության չափագրող Վլադիմիր Հարությունյանը։

Վերջինս նշել է, որ հանքի աշխատանքները դադարեցված են մինչև տեսչական ստուգումների ավարտը. «Դրանից հետո եթե թույլ կտան, կշարունակենք»։

Թե ինչ նպատակներ է հետապնդում տեսչական ստուգումների նախաշեմին հանքավայրի տարածքում շահագործող ընկերության կողմից ծառատունկ կազմակերպելը, հավանաբար կպարզվի ստուգումների արդյունքում: