Սյունիքի ապագան բազմաճյուղ տնտեսությունն է, որտեղ հանքարդյունաբերության մասնաբաժինը պետք է մինիմալ լինի. Դավիթ Հակոբյան

Սյունքի մարզում զբոսաշրջության զարգացման և հանքերի շահագործման խնդրի հետ կապված Ecoright.am-ը զրուցել է «Զբոսավարներ հարավից» զբոսաշրջության զարգացման հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Հակոբյանի հետ։

Սյունիքը կենդանական ու բուսական աշխարհով Հայաստանի ամենահարուստ մարզերից է։ Այնտեղ են գտնվում մի շարք արգելոցներ, արգելավայրեր և հատուկ պահպանվող տարածքներ։ Թվում է, թե հենց այս տարածքները պետության կողմից ամենամեծ ուշադրությանը պետք է արժանանային, և շատ զգուշությամբ պետք է տարբեր տիպի գործունեություններ ծավալեին՝ բնությունը չվնասելու համար։  Սակայն միայն Մեղրի համայնքում կան մի քանի տասնյակ հանքեր, որոնց վնասակար ազդեցությունը մեծ է բնության վրա։ Դուք Սյունիքի մարզից եք և «Զբոսավարներ հարավից» զբոսաշրջության զարգացման կազմակերպության փոխնախագահը։  Արդյոք հանքերի առկայությունը խանգարո՞ւմ է կազմակերպության գործունեությանը։ Ինչպե՞ս եք գնահատում անտառների և պահպանվող տարածքների կողքին այդքան հանքերի գոյությունը։

«Զբոսավարներ հարավից» զբոսաշրջության զարգացման հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թ. ապրիլի 7-ին: Կազմակերպության հիմնադրման հիմքում ընկած էր զբոսաշրջության զարգացումը՝ հանուն բնության գաղափարը: Կազմակերպության գրանցման վայրը Սյունիքի մարզի Կապան քաղաքն է, որն, ունենալով զբոսաշրջության հսկայական ներուժ, այնուամենայնիվ կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև: Որպես կազմակերպություն հանդես գալն ինքնանպատակ չէր, մենք՝ մի խումբ համախոհներով, շուրջ մեկ տարի մտածել ենք, պարբերաբար քննարկել ենք և՛ զբոսաշրջության, որպես կարևոր ճյուղի, Սյունիքի մարզի հարավում զարգացման ուղիները, և՛ այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր առջև: Եվ հենց վերը նշված խնդիրների և մարտահրավերների լուծմանը մասնակից լինելն էր, որ մենք ի վերջո որոշեցինք գործել որպես հասարակական կազմակերպություն: Կազմակերպության նպատակն ու խնդիրներն են նպաստել զբոսաշրջության բոլոր ճյուղերի զարգացմանը Սյունիքի մարզի հարավում: Մեր թիմի մեջ են տարբեր ոլորտների մասնագետներ, որոնք մոտիվացված են և վճռական՝ իրենց նպատակներին հասնելու համար:

Կազմակերպության նպատակներից է նաև պատրաստել տեղական զբոսավարներ, աջակցել զբոսաշրջության ոլորտում գործող կազմակերպություններին, համայնքային նախաձեռնություններին, անհատներին և նպաստել զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը:

Զբոսաշրջության զարգացման թերևս լրջագույն մարտահրավերն այսօրվա տեմպերով զարգացող լեռնահանքային արդյունաբերությունն է: Անթույլատրելի է շահագործել հանքեր մի տարածաշրջանում, որտեղ կա այդքան հարուստ կենսաբազմազանություն, որտեղ Հայաստանի անտառածածկ տարածքների մի զգալի մասն է, և վերջապես այստեղ են գտնվում բնության հատուկ պահպանվող տարածքներ: Իհարկե հանքարդյունբերությունը խանգարում է տնտեսության ավելի հեռանկարային ճյուղերի զարգացմանը, որոնց թվում է նաև զբոսաշրջությունը:

Ինչպե՞ս եք տեսնում Սյունիքի ապագան։ Ո՞ր ոլորտը պետք է զարգանա, որպեսզի դիվերսիֆիկացիայի խնդիրը հաղթահարվի։

Սյունիքի ապագան բազմաճյուղ տնտեսությունն է, որտեղ հանքարդյունաբերության մասնաբաժինը պետք է մինիմալ լինի: Իսկ դրան հասնելու համար պետք է դիվերսիֆիկացիայի ենթարկել տնտեսությունը, պետք է իրականացնել պետական քաղաքականություն և այստեղ միայն հասարակական կազմակերպությունները ոչինչ անել չեն կարող: Իմ կարծիքով՝ զբոսաշրջության հետ մեկտեղ պետք է զարգանան տնտեսության այնպիսի ճյուղեր, որոնց հիմքում գիտությունն է և ժամանակակից նորարարական մոտեցումները: Բացի այդ Սյունիքն ունի նաև գյուղատնտեսության, այդ թվում նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման հնարավորություն:

Արդյոք նախորդ և այժմյան իշխանությունների կողմից խթանվե՞լ է մարզում էկո և ագրո տուրիզմի զարգացումը։ Իսկ արգելքներ եղե՞լ են։

Հանուն արդարության պետք է նշեմ, որ նախորդ իշխանություններն ինչ-որ չափով խթանել են էկո և ագրո տուրիզմի զարգացմանը մարզում, սակայն այն իրականացվել է ընտրովի և միանգամայն անտեսվել են մարզի հարավի կարևորագույն շրջանները՝ Կապանն ու Մեղրին: Այսինքն, խոշոր ներդրումներ իրականացվել են միայն Գորիսի տարածաշրջանում: Դրան զուգահեռ նախորդ իշխանություններն իրականացրել են Կապանն ու Մեղրին էկոլոգիական աղետի հասցնելու հանցավոր քաղաքականություն:

Իսկ այժմյան իշխանությունները դեռ այդ ուղղությամբ որևէ էական քայլ չեն արել, բայց լավատես ենք և լիահույս: Ինչ վերաբերվում է արգելքներին, ապա դրանք անուղղակի էին, մասնավորապես արտահայտվել են այս կամ այն իշխանիկների ավելորդ վարչարարությամբ:

Ի՞նչ անհապաղ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը մարզում էկո և ագրո տուրիզմի զարգացման համար։

Այդ հարցին թերևս տնտեսագետները պետք է պատասխանեն, բայց համոզված եմ, որ գոնե անհապաղ պետք դադարեցվեն այս պահին ընթացող երկրաբանահետախուզական բոլոր աշխատանքները և այլևս չտրվեն ընդերքօգտագործման նոր լիցենզիաներ:

Պետք է անհապաղ դադարեցվեն հատուկ պահպանվող տարածնքների պահպանման գոտուն մոտ ընդերքի շահագործմանը միտված բոլոր աշխատանքները: