Հանքարդյունաբերության վնասակար հետևանքները բնության հատուկ պահպանվող տարածքների կենդանական և բուսական աշխարհի վրա

Չնայած «Թաթսթոուն» ընկերության կողմից  դեռ չի սկսվել Սյունիքի մարզի Լիճք բնակավայրի տարածքում գտնվող հանքի շահագործումը (ս.թ. մայիսի 24-ին ընկերությունը հայտարարել էր հանքի շահագործման աշխատանքների ժամանակավոր կասեցման մասին, առաջիկայում սպասվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներ), սակայն ակնհայտորեն նկատվում են դրա վնասակար հետևանքները և ազդեցությունը շրջակայքի վրա։ Մասնավորապես,   «Կարմիր գրքում»  գրանցված մի շարք բուսատեսակներ և կենդանատեսակներ արդեն իսկ  վերացել են այդ տարածքից։ «Էկոլոգիական իրավունք»-ը հատուկ պահպանվող տարածքների և դրանց վրա հանքարդյունաբերության հետևանքերի մասին զրուցել է Բնության  համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանի հետ։  

WWF-ի և ՀՀ բնապահպանության նախարարության  համագործակցության արդյունքում 2009 թվականին ստեղծվել է «Արևիք» ազգային պարկը, որը ընդգրկում էր 34 հազ. հա տարածք՝ Մեղրի համայնքի վարչական տարածքի կեսից ավելին։ Այդ ժամանակ հաստատվել էր նաև ազգային պարկի սխեման, որը մեկ տարի անց պետք է ծառայեր քարտեզագրման համար։ Սակայն քարտեզագրումը սկսվել է միայն 2018 թվականի մարտից։

«Ես այն կարծիքին եմ, որ քարտեզագրման հարցը ձգձգվում էր, քանի որ այնտեղ շատ ծրագրեր են իրականացվում՝ նոր հանքեր բացահայտելու, ուսումնասիրություն կատարելու համար։ Բացի Լիճքից, օրինակ, Շվանիձորի  և Մեղրիի լեռանաշղթայի այլ տարածքներում՝ մինչև Նռնաձոր, մի երկու հանքի ուսումնասիրություններ են ուզում անել։ Դա անթույլատրելի է, քանի որ դրանք հիմնական ապրելավայրերն են կովկասյան ընձառյուծի և մի շարք հազվագյուտ տեսակի կենդանիների և բույսերի համար», – ասել է Մանվելյանը։ Նա նշել է, որ «Արևիք» ազգային պարկը շատ հարուստ է բուսական և կենդանական աշխարհով․ այնտեղ 1500-ի ավել բարձրակարգ բույսեր են աճում, որոնցից 100-ից ավելին էնդեմիկ է։

Դրանց մի մասն ընդգրկված են ոչ միայն Հայաստանի Կարմիր գրքում, այլ նաև միջազգային Կարմիր գրքում․ «Դա շատ ունիկալ տարածք է, և կարելի է ասել դա Հայաստանի գանձն է»։

Մանվելյանը համոզված է, որ չնայած հանքերը խոստանում են որոշ աշխատատեղեր, սակայն, բացի կենդանական և բուսական աշխարհին վնաս տալուց դրանք ոչ մի օգուտ չեն տալիս։ Հանքերն ազդում են նաև մարդկանց կենսագործունեության վրա։

«Օրինակ՝ Մեղրին հայտնի է որպես այգեգործության տարածք, հիմնականում նռան այգիններ կան այնտեղ,  և դա մարդկանց  եկամուտի հիմանական կամ միակ աղբյուրն է, իսկ ո՞վ կառնի ծանր մետաղներով հարուստ մրգեր։ Իսկ ջրերի թունավորումը կբերի նրան, որ այդ այգիներն էլ կանհետանան», – նշել է Մանվելյանը։

Չնայած«Արևիք» ազգային պարկի տարածքը չի քարտեզագրվել և հաստատված չէ, թե որտեղ են սկսվում պահպանվող գոտու տարածքները և որտեղ վերջանում, Մանվելյանը պնդում է, որ արդեն իսկ Կառավարության կողմից հաստատված սխեման հիմք է, որ այդ տարածքներում ոչ մի գործողություն չարվի, ոչ մի հանք չբացվի, մինչև քարտեզագրումը չավարտվի։

Հարցին՝ ինչպես է որոշվում, թե հատուկ պահպանվող տարածքների բուֆերային գոտիներից ինչ հեռավորության վրա կարելի է կատարել հանքերևակման աշխատնքներ, Մանվելյանը նշել է, որ հատուկ պահպանվող տարածքների մասին գործող օրենքում բուֆերային գոտիներին առնչվող հատվածը շատ լղոզված է գրված։ Մեկ տողում նշվում է, որ ցանկացած գործունեություն, որ կարող է ազդել պահպանվող տարածքի վրա, արգելվում է․ «Դեռ 2013 թվականին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և մեր համաֆինանսավորմամբ օրենք մշակվեց հատուկ պահպանվող տարածքների հետ կապված, որտեղ հստակ նշված է, թե բուֆերային գոտում ինչ պահպանության ռեժիմ պետք է լինի, բայց 5 տարի է անցել, օրենքը չի ընդունվել։ Քննարկումներ եղել են, նախագիծն ուղարկվել է ԱԺ, որտեղ նույնպես եղել է քննարկում, հետո կրկին հետ են ուղարկել նախագիծը։ Այն լրամշակվել է, կրկին ուղարկվել ԱԺ, բայց այդպես էլ ոչ մի արդյունք։ Եղել են ինչ-որ ընթացակարգային հարցեր և այդպես էլ մնացել [անպատասխան]»։

WWF-ն ուսումնասիրություն  է կատարել և շուտով հաշվետվություն կներկայացնի, թե ինչպիսին է հանքերի ազդեցությունը պահպանվող տարածքի կենդանական և բուսական աշխարհի վրա։

«Բայց արդեն հիմա կարող եմ ասել միանշանակ՝ Լիճքի հանքի տարածքում, որտեղ մի մասն արդեն քարուքանդ է եղել, վերին շերտը վնասվել է, ինչ եղել է՝ վերացել է։ Առնվազն Կարմիր գրքի մի քանի տեսակի բույս վերացել է արդեն։ Բայց իրենք ուրիշ՝ հարակից տարածքներում դեռ աճում են։ Բացի դա, այն կազդի որոշ սողուների վրա, քանի որ դրանք չեն կարողանա փախչել և կմնան ծանր տեխնիկայի տակ։ Սողուներից կարող է լինել հայկական Կարմիր գրքում գրանցված հայկական իժը։ Կաթնասուններից մեծ մասը կփախչեն։ Բայց խնդիր կա, որ ամեն կենդանի իր տարածքն ունի, և այն կենդանիները, որոնք ստիպված են լինում տեղափոխվել, խնդիրներ են ունենում այնտեղ բնակվող այլ կենդանիների հետ։ Եվ կենդանիների համակեցությունը խախտվում է։ Օրինակ, Լիճքի հանքի մոտ գտնվող Տաշտունի հանքն էլ խանգարում է մուֆլոնի միգրացիային», – ասել է Կարեն Մանվելյանը։

Այսպիսով՝ տարերայնորեն տարածվող հանքարդյունաբերության համատեքստում առանձին հարց է Մեղրիի տարածաշրջանում և առհասարակ Սյունիքի մարզում ստեղծված բնության հատուկ պահպանվող տարածքների ճակատագիրը, քանի որ հանքարդյունաբերությունն անմիջական ազդեցություն է թողնում պահապանվող տարածքների բնականոն գործունեության և դրանց կենսաբազմազանության վրա: