Լիճքն առանց հանքի մեծ հեռանկարներ ունի. պատմում են լիճքեցիները

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրից ուղիղ գծով 200 մետր հեռավորության վրա 2016 թվականից «Թաթսթոուն» ընկերությունը բազմամետաղային հանք է շահագործում : Ճիշտ է` հանքի աշխատանքները մոտ 2.5 ամիս է, ինչ դադարեցված են, սակայն հանքի փակվելու մասին չկա պաշտոնական հայտարարություն։ Ecoright-ը զրուցել է մեղրեցի երկու երիտասարդների՝ Գագիկ Սարգսյանի և Հարություն Ստեփանյանի հետ, որոնք իրենց բնակավայրի ապագան կապում են ոչ թե հանքարդյունաբերության, այլ էկո և ագրո տուրիզմի հետ։

Գյուղացին հայտնվել էր փողկապավորների առաջ՝ մենմենակ

Լիճքը գտնվում է Մեղրի քաղաքից  24 կմ դեպի հյուսիս։ Համայնքի «Զվար» տեղամասի հարևանությամբ «Արևիք» ազգային պարկը և «Բողաքար» արգելավայրն է։ «Զվար» տեղամասում էլ գտնվում է Լիճքի հանքավայրը։

«Լիճք»-ի պղնձի հանքավայրի շահագործող «Թաթսթոուն» ՍՊԸ-ն գրանցված է Երևանի Երզնկյան փողոց 79 հասցեում: ՀՀ Կառավարության էլեկտրոնային ռեգիստրում որպես հիմնադիր նշված է Սամվել Թաթևոսյանի անունը։

Լիճքեցիները հանքի հետ կապում են տարբեր պաշտոնյաների անուններ։ Հատկանշական է, որ հանրային լսումներից մեկի ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հասել էր գյուղ։

«Եկել էր՝ գյուղացիներին համոզեր։ Դա գիտենք, դա փաստ է», – պնդում են մեղրեցի երիտասարդները։

Դեռևս 2013 թվականի հունվարի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից ընկերությունը հանքավայրի շահագործման համար ստացել էր դրական եզրակացություն:

Համայնքում անցկացվել են հանրային լսումներ, որոնք, Գագիկ Սարգսյանի համաձայն, ըստ էության ձևական բնույթ են կրել. «Հանրային լսումներ եղել են այնպես, ինչպես հայաստանյան բոլոր համայնքներում… Այսպես ասած, գյուղացին հայտնվել էր այդ ոլորտում տարիներով թրծված, փողկապով ու  կոստյումով պաշտոնյաների ու հանքաարդյունաբերողներին դեմ առ դեմ։ Ու բնականաբար այդ պայքարում գյուղացին, որ չուներ փորձ և իրավագիտակցություն, պետք է պարտվեր։ Ըստ էության, գյուղացիները հիմնականում դեմ էին հանքին, բայց համատարած հուսալքության պայմաններում… գյուղացիների խոսքերն եմ կրկնում բառացիորեն. ա դե մեզանից ի՞նչ ա կախված, ի՞նչ կարող ենք անել, էս ա․․․»։

Ագարակցի Հարություն Ստեփանյանը, որի պապենական տունը գտնվում է Լիճք գյուղում, ամեն տարի ամռան ամիսներին ընտանիքով հանգստանում է այնտեղ։ Նա նույնպես դեմ է այդ տարածքում հանքի շահագործմանը։

Հարությունը հիշում է՝  գյուղացիները դեռ այն ժամանակ պատմել են, որ հանրային լսումներին իրենց դատարկ թուղթ են տվել, որ տակը ստորագրեն. «Ասել են՝ հա, կգրենք, որ դուք դեմ եք, բայց հետո չգիտեն՝ ինչ է գրվել։ Կարող եմ ասել, որ ինչ-որ ձևի ճնշումներ են եղել գյուղացիների վրա, նրանք ինչ-որ ձևի համաձայնել են»։

Նշենք, որ այդ ժամանակ «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ գյուղացիները իրենք էին պատմում «սպիտակ թղթերի մասին»։

Հարությունն այն քիչ լիճքեցիներից է, որը մինչև վերջ պայքարել է, որ իր հողակտորը չվաճառի «Թաթսթոուն» ընկերությանը, սակայն հետո հասկացել է, որ ոչինչ անել չի կարող։

«Ես, Գագիկը և մի քանի բնապահպաններ պայքարում էինք շատ վաղուց, և ցավով պետք է ասեմ, որ ես հող ունեի և վաճառեցի։ Գյուղում մեկ կամ երկու հոգի էլ կար, որ ինձ նման չէր համաձայնում վաճառել հողը։ Իսկ ինչու վաճառեցի ես. ես պայաքրեցի այնքան, ինչքան կարողացա։ Հանդիպումներ ունեցա փաստաբանների հետ, թե ինչ կարող եմ անել, որ հողը չվաճառեմ ու հանքը չբացվի։ Ինձ բերեցին շատ օրինակներ, որ չես կարող չվաճառել։ Սկսված Արծվանիկի պոչամբարի օրինակից։ Գյուղացիներն այնտեղ սկզբում հրաժարվեցին վաճառել իրենց հողատարածքները, հետո Կառավարության որոշմամբ դրանք ճանաչվեցին հանրային գերակա շահ և մի քանի անգամ ցածր գներով այդ մարդկանց ձեռքից վերցրին։ Ինձ ասացին՝ քեզ դա է սպասում»։

Հանքավայրի տարածքում է գտնվում  Մեղրի քաղաքի և այլ բնակավայրերի ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտին: Ըստ էության, Մեղրին նույնպես ազդակիր համայնք է եղել, հանրային լսումներ, սակայն, անցկացվել են միայն Լիճքում, որտեղ բնակչությունը շատ փոքր է (հետագայում՝ 2016  թվականին, Լիճքը մտել է Մեղրի խոշորացած համայնքի մեջ-խմբ.)։

«Սկզբնական շրջանում խոստումներ եղան, որ հանքը կշահագործվի ընդամենը 88 հեկտար տարածքում։ Հանքավայրի հանքաքարը բեռնատար ավտոմեքենաներով պետք է տեղափոխվեր Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատի Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկա:

Սակայն Մեղրի համայքնի ավագանու այս տարվա փետրվարի 2-ի նիստին որոշում է կայացվում Լիճքի հանքավայրի ընդլայնման և ենթակառուցվածքների համար անհրաժեշտ հողամասեր ձեռք բերելու նպատակով «փոխհամաձայնությամբ, համարժեք փոխհատուցմամբ գնել քաղաքացիների սեփականություն հանդիսացող 148 միավոր հողամասեր», – պատմում է Գագիկը:

Խոսակցություններ կան, որ դա արվել է հետագայում այդ տարածքում պոչամբար և գործարան կառուցելու համար։

Եթե հանքը աշխատեց, փոշի եղավ, պայթեցրին, կենդանիները փախնելու են։ Այս մասին ասում են ոչ միայն մեր զրուցակիցները, այլ նաև բնապահպանները (այդ մասին մանրամասն մեր հաջորդ հրապարակումներում-խմբ․)։

Բոլոր տեղացիները գիտեն, որ տարածքը միգրացիոն գոտի է բեզոարյան այծերի համար. «Դրանք Զանգեզուրի լեռնաշղթայից ձմեռը անցնում են դեպի Մեղրու լեռնաշղթա՝ Արաքսի ափերը։ Շվանիձոր և հարակից գյուղերի մոտ տաք կլիմա է։ Ձմեռը գնում են այնտեղ և անցնում են այդ կողմերով։ Բայց ճանապարհին կան մի քանի հանքեր։ Ու եթե բոլոր տեղերում պայթեցնում են կենդանիները որտեղո՞վ են անցնելու…Արծվանիկից սկսած մինչև Մեղրի միակ քիչ թե շատ մաքուր տեղը Լիճքն է։ Մի քիչ ներքև Ագարակի հանքն է»։

Պայթեցումներ արդեն արվել են վերջին մի տարվա ընթացքում։ Հարությունի խոսքով՝ իր լիճքեցի ծանոթները, հարևաններն ասում են, որ տները դղրդում են. «Մեզ թվում է՝ ուղղակի կփլվեն»։

Զբոսաշրջիկները վերադառնում են Լիճք

Լիճքեցիների ապրուստի հիմնական միջոցը տարիներ շարունակ եղել է գյուղատնտեսությունը և հատկապես անասնապահությունը։ Գյուղը գնալով դատարակվում է, նվազում է նաև խոշոր եղջերավոր անասունների թիվը։ Հանք շահագործողները խոստացել են բարձր վարձրատրվող աշխատատեղեր, սակայն քիչ թվով գյուղացիներ են այնտեղ աշխատում։

«Էսպիսի մի պրակտիա կա. ասում են՝ թողեք ձեր բնակավայրի մոտ հանք բացենք, կարճաժամկետ, 10 տարով, բայց որից հետո ամբողջ տարածքը կմահանա, այնտեղ լինելու է մի մեծ փոս, մեռյալ գոտի, մարդիկ չեն կարողանալու այնտեղ այլևս ապրել։ Դրա փոխարեն, ասում են,  մենք ձեզ համար կբացենք մանկապարտեզ, գիշերային լույսեր կանցկացնենք։ Այսինքն՝ այն պարտականությունները,  որ պետք է այսպես թե այնպես անի պետությունը», – նշում է Գագիկը։

Մինչև 2016 թվականը Լիճքը սյունեցիների համար ծառայել է որպես հանգստավայր, այն ընդգրկվել էր զբոսաշրջային երթուղիների մեջ։

«Այնտեղի ջրվեժները և կլիման հիանալի է։ Ամառվա ամիսներին Լիճքը եղել է լեփ֊լեցուն», – Գագիկի խոսքով՝ ինչպես երևանցիների համար Ծաղկաձորն ու Դիլիջանն է, այնպես էլ սյունեցիների համար Լիճքն է եղել։

Լիճքում զբոսաշրջիկների թիվը սկսել է նվազել։ Լիճքի հայտնի ջրվեժները անցնում են հանքի կողքով․ «Ո՞վ կարող է գնալ մի տեղ, որտեղ փոշի և փլվածքներ են։ Հանքավայրի միջով ոչ ոք չէր ցանկանա գնալ»։

Միայն հանքում աշխատանքների դադարեցումից հետո՝ այս տարվա վերջին ամիսներին Լիճքում զբոսաշրջիկների թիվը սկսել է ավելանալ։ Երևանից շատ արշավախմբեր են մեկնում այնտեղ, նախագծեր կան արշավային արահետներ գծել դեպի Լիճքի ջրվեժեր՝ դրանով ավելի հասանելի դարձնել տարածքը։

Հանքի անմիջապես ներքևում վերջին ամիսներին գործում «Արևիք» ճամբարը, որտեղ հանգստանալու են գալիս տարածաշրջանի բնակիչները։

Մեղրեցի երիտասարդները հույս ունեն, որ հանքը վերջնականապես կփակվի և տարածաշրջանում հնարավորություն կլինի զարգացնել զբոսաշրջությունը։