«Արևիք» ազգային պարկի տնօրենը և Մեղրիի ավագանու անդամը կողմ են քվեարկել հանքի ընդլայման հարցին

Էկոտուրիզմի և գյուղատնտեսության զարգացման բնագավառում մեծ ներուժ ունեցող Մեղրի համայնքի ավագանին տարեցտարի մեծացնում է հանքարդյունաբերության համար տրվող թույլտվությունների թիվը, չնայած բազմաթիվ բնապահպանական և իրավական խնդիրների։

Ընդհանրապես Հայաստանում վերջին տասնամյակում մեծացել է մետաղական օգտակար հանածոների պաշարների նկատմամբ տեղական և օտարերկրյա ընկերությունների հետաքրքրությունը: Պատճառներից հիմնականը՝ ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրության մեղմ բնույթն է, խնդրահարույց փորձաքնությունները, որոնք չեն արտացոլում իրական ռիսկերը, լիազոր մարմինների վերահսկողության ցածր մակարդակը, առկա կոռուպցիոն ռիսկերը:

Հանքարդյունաբերողները գործունեություն ծավալելու մեկնակետին հիմնականում խնդիրներ չեն ունենում ՏԻՄ-երի հետ հանդիպումների ընթացքում, թեև վերջիններս օրենքով սահմանված կարգով կարող են բազմաթիվ հարցադրումներ անել՝ ներկայացնելով համայնքների տեսակետը, հետևողական լինել իրենց իրավասության շրջանում գտնվող խնդիրների նկատմամբ։ Ավագանու՝ որպես ներկայացուցչական ինստիտուտի չկայացվածությունը նույնպես պարարտ հող է հանրային կարծիքը ոտնահարելու և անարգել ու առանց պատշաճ վերահսկողության գործունեություն ծավալելու համար:

Օրինակներից մեկը հենց Մեղրի համայնքն է. տարածաշրջան, որի վարչական տարածքի կեսից ավելին ընդգրկում է «Արևիք» ազգային պարկը: Տեղական իշխանությունը 2017-18 թթ. ընթացքում իրականացված հանրային լսումների ընթացքում յոթ հանքարդյունաբերական  ընկերության գործունեություն ծավալելու համաձայնություն է տվել (շահագործման և/կամ երկրաբանական ուսումնասիրության):

Հարկ է նշել, որ շատ հաճախ ավագանու և ոչ մի անդամ չի ներկայացել հանրային քննարկումներին, իսկ ավագանու՝ հանքարդյունաբերողներին հողհատկացման մասով որոշումներն անցել են գրեթե առանց քննարկման և ընդունվել միաձայն:

Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողովը երկու տարվա ընթացքում հանդես չի եկել որևէ նախաձեռնություն-առաջարկով: Այս հանձնաժողովի անդամ է նաև «Արևիք» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը: Ավագանու ինստիտուտի և ազգային պարկի տնօրենի գործունեության գնահատականի լավագույն ցուցիչը և համապարփակ պատկերը տալիս է Մեղրի համայքնի ավագանու 2018 թվականի փետրվարի 3-ի N 3 արտահերթ նիստը:

Ավագանին «որոշում է» Լիճք բնակավայրում գտնվող պղնձի գործող հանքավայրի ընդլայնման և ենթակառուցվածքների համար անհրաժեշտ հողամասեր ձեռք բերելու նպատակով փոխհամաձայնությամբ, համարժեք փոխհատուցմամբ գնել քաղաքացիների սեփականություն հանդիսացող 148 միավոր հողամասեր: Գնվող հողամասերի 1 քմ-ի արժեքը սահմանվում է 800 դրամ:

Ուղիղ հեռարձակված ավագանու նիստի տեսագրությունից պարզ է դառնում, որ մասնակիցները, անգամ «Արևիք» ազգային պարկի տնօրենը, մինչ քննարկման մեկնարկն արդեն քվեարկել են, ապա եկել նիստին (տես 21:10 րոպեից, ավագանու անդամ Սամվել Միքայելյանն ասում է . «Տղերքը խաբար չեն, որ կողքի սենյակում արդեն քվեարկել են….», որին հաջորդում է նիստը վարող համայքի ղեկավարի տեղակալի և մնացած անդամների ծիծաղը): Ավելին՝ նիստին ներկա են ավագանու 10 անդամ, որից կողմ են քվեարկում 8-ը, սակայն ավագանու որոշման մեջ գրված է 11 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ հարուստ կենսաբազմազանություն բնակլիմայական պայմաններ, բնության հատուկ պահպանվող տարածքներ  ունեցող Մեղրին նաև տեղական իշխանության կողմից արժանացել է անուշադրության և ժողվրդի կողմից ընտրված ավագանին առանց հանրային պահանջը հաշվի առնելու նպաստում է հանքարդյունաբերության ծավալմանը: