Մեղրիի կախվածությունը հանքարդյունաբերությունից խանգարում է տարածաշրջանի համաչափ զարգացմանը

Մեղրիի տարածաշրջանին բնորոշ գլխավոր խնդիրը տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակն է: 66 հազ․ հա վարչական տարածք զբաղեցնող համայնքի 34 հազ. հա տարածքը գտնվում  է «Արևիք» ազգային պարկի տնօրինության տակ: Չնայած այս հանգամանքին՝ տնտեսության 80 %-ը բաժին  է ընկնում հանքարդյունաբերությանը, ինչը, ինչպես նշված է Մեղրիի համայնքի զարգացման հնգամյա (2017-2021) ծրագրում, առաջացնում է խիստ անկայուն սոցիալ-տնտեսական վիճակ, քանի որ համայնքի և բնակչության բավական զգալի հատվածին կախման մեջ է դնում համաշխարհային շուկայում պղնձի, մոլիբդենի և ոսկու գներից: Այդ գների անկմամբ էապես նվազում են համայնքային բյուջեի և շահագործող ընկերություններում աշխատողների եկամուտները՝ առաջացնելով ինչպես սոցիալականն, այնպես էլ դեմոգրաֆիական խնդիրներ: Բացի դա, ակնհայտ է դառնում, որ հանքարդյունաբերության նման տարածումն էապես ազդում է, առաջին հերթին, տուրիզմի և գյուղատնտեսության վրա, որոնք տուժում են միջավայրի աղտոտումից:

Տարերայնորեն տարածվող հանքարդյունաբերության համատեքստում առանձին հարց է Մեղրիի տարածաշրջանում և առհասարակ Սյունիքի մարզում ստեղծված՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ճակատագիրը, քանի որ հանքարդյունաբերությունն անմիջական ազդեցություն է թողնում պահապանվող տարածքների բնականոն գործունեության և դրանց կենսաբազմազանության վրա:

Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման պարագայում անգամ մասնավոր ներդրողները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել համայնքում հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ: Գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացմանը և արդյունաբերության այլ ճյուղերի ձևավորմանը միտված հեռանկարային բիզնես ծրագրեր առաջադրված չեն, բացի դա, վերջին տարիներին նկատելի է եղել տեղական իշխանության և գերատեսչությունների ոչ շահագրգիռ մոտեցումն այս հարցում: Մինչդեռ Մեղրիի տարածաշրջանում կան բազմաթիվ անհատներ, որոնք պատկերացնում են գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացումը և տնտեսության մեջ հանքարդյունաբերութան տեսակարար կշիռի նվազեցումը:

Դեռևս այս տարվա մայիս ամսին Մեղրի համայնքի բնակիչները իրենց հերթին հանրագիր էին ներկայացրել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով արգելել Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական և նոր հանքերի շահագործման աշխատանքները։ Ինչպես նաև պահանջել էին դադարեցնել «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից շահագործվող  Լիճքի պղնձի հանքավայրում ընթացող աշխատանքները։ Նրանք նշել էին, որ իրենց ներկան և ապագան տեսնում են գյուղատնտեսության, այգեգործության, էկոտուրիզմի, մեղվաբուծության և այլ հարակից բնագավառների զարգացման մեջ:

Ուսումնասիրելով Մեղրի համայնքի զարգացման ծրագիրը՝ հանդիպում ենք  դրույթների,  որտեղ Մեղրի  խոշորացված համայնքն իր  ապագան տեսնում է կայուն և  համահարթ  զարգացող, բարձրորակ  շրջակա  միջավայր  ունեցող քաղաքային և գյուղական ծաղկուն բնակավայրերի տեսքով, համայնքին տնտեսական բարեկեցություն բերող, բնապահպանական նվազ ազդեցությամբ և արդյունավետ կառավարվող հանքարդյունաբերություն, մրցունակ գյուղատնտեսական արտադրանք և այլն:

Տնտեսության դիվերսիֆիկացիայի հիմնահարցին է անդրադարձել նաև Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, որը, խոսելով  բնակիչների շրջանում անցկացված բազմաթիվ քննարկումների մասին, շեշտել է, որ Մեղրիի տարածաշրջանում մասնավոր ներդրողներն առավել մեծ հետաքրքրություն են դրսևորում հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ, ինչը հանգեցնում է տնտեսության միաբևեռացման: Մյուս  կողմից` համայնքապետը նշել է, որ հանքարդյունաբերության զարգացումը կարող է պատճառ դառնալ էկոլոգիական լուրջ խնդիրների` հողային ծածկույթի խախտման, պոչամբարների ընդլայնման, թափոնների կուտակումների և ջրային ռեսուրսների աղտոտման: Ընդգծենք, սակայն, որ համայնքի ղեկավարության արտահայտած մտահոգությունները հաճախ դեկլարատիվ բնույթ են կրել, քանի որ, գործնական քայլեր կատարելիս, պատկերն իրականում այլ է:  Բավական է նշել, որ  տեղական իշխանությունը 2017-18թթ. ընթացքում իրականացված հանրային լսումների փուլում և 7 հանքարդյունաբերական  ընկերության տվել է համաձայնություն գործունեություն ծավալելու  նպատակով:

Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողովը և ընդհանրապես ավագանին Մեղրիի տարածաշրջանի համաչափ տնտեսական զարգացման, հատուկ պահպանվող տարածքների իրավական և տնտեսական ռեժիմին համարժեք տնտեսության ճյուղեր զարգացնելու հարցեր երբևէ չեն բարձրացրել, որևէ քննարկում սրա շուրջ չի ծավալվել: Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը,  որ վերոնշյալ հանձնաժողովի անդամ է նաև «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմի մեջ մտնող «Արևիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը, որը կողմ է քվեարկել Լիճքի պղնձի հանքավայրի շահագործման կարիքների համար հողահատկացում կատարելու՝ Մեղրիի ավագանու որոշմանը:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ, չնայած անկրկնելի հարուստ կենսաբազմազանությանը և հրաշալի կլիմայական պայմաններին, Մեղրին գրեթե ամբողջովին դրվել է հանքարդյունաբերության տակ: Հանքարդյունահանման և հանքահետախուզական աշխատանքներ են իրականացվում ինչպես Մեղրիի խմելու և ոռոգման ջրերի աղբյուրների վրա, այնպես էլ Մեղրին շրջապատող բնության հատուկ պահպանվող տարածքներում: Դա տարածաշրջանի բնակչության համար հղի է լրջագույն հետևանքներով՝ տնտեսական կախվածություն հանքարդյունաբերությունից՝ դրանից բխող սոցիալ-էկոլոգիական, առողջապահական խնդիրներով հանդերձ: Հարակից հատուկ պահպանվող տարածքների համար ևս տարերայնորեն զարգացող հանքարդունաբերությունը ոչ մի լավ բան չի խոստանում՝ հանգեցնելով այդ տարածքների կրճատմանը, դրանց էկոհամակարգերի խաթարմանը: Խոշոր հաշվով, ռիսկի տակ է դրված Հայաստանի և Եվրոպայի հարկատուների միջոցներով ստեղծված հատուկ պահպանվող տարածքների գոյությունը, ինչը, թերևս, առանձին հետազոտության առարկա է: